Հայ ազատագրական պայքարի զինված փուլը

  1. Գնահատե՛ք պատմական այն ժամանակաշրջանը, որում առաջացավ հայդուկային շարժումը: Ըստ ձեզ ի՞նչ դերակատարություն ունեցավ շարժումը զինված պայքարի ընթացքում:
  2. Ներկայացրե՛ք որևէ հայդուկի: 
  3. Ի՞նչ եք կարծում, Թուրքիան փորձու՞մ է այսօր շարունակել և ավարտին հասցնել 1890-ականներին սկսած իր ցեղասպան գործունեությունը: Թուրքիայի ծրագրերը ինչպիսի՞ն են Հայաստանի և տարածաշրջանի հետ կապված:

1. Բեռլինի վեհաժողովում Թուրքիայից ստանալով որոշակի զիջումներ՝ մեծ տերություններն ամենևին մտադիր չէին նրա վրա ճնշում բանեցնել հայկական բարենորոգումները կատարելու համար։ Օսմանյան կառավարությունը օգտվելով առիթից, սաստկացրեց բռնություններն արևմտահայության նկատմամբ: Քաղաքական հալածանքները հասան աննախադեպ չափերի, նոր թափ ստացավ արևմտահայությանը հողազրկելու, հայրենիքից դուրս մղելու և երկիրը ներգաղթող մահմեդականներով բնակեցնելու պետական քաղաքականությունը: Մինչ հայ մտավորական շրջանակները զբաղված էին համիդյան վարչակարգին հակազդելու ուղիների որոնմամբ, արևմտահայ գյուղացին նախընտրեց պայքարի իր ձևը՝ անհատական-պարտիզանական, վրեժխնդրական ընդվզումը: Ինչպես ուշ միջնադարում թուրքահպատակ հունգար և սլավոնական ժողովուրդները, այնպես էլ այդ ժամանակահատվածում հայերը անկազմակերպ դուրս եկան կենաց ու մահու կռվի՝ իրենց ապրելու իրավունքն ու արժանապատվությունը պաշտպանելու համար: Ազատագրական պայքարի այդ ձևը հայտնի է հայդուկային կամ ֆիդայական շարժում անունով: Հայդուկները (հունգարերեն՝ հետևակ) և ֆիդայիները կամ ֆեդայիները (արաբերեն՝ զոհ, այսինքն՝ ինքնազոհ) ժողովրդական վրիժառուներ էին, որոնք գործում էին Արևմտյան Հայաստանում: Նրանք երդվում էին ամբողջովին նվիրվել իրենց ժողովրդի պաշտպանությանն ու ազատագրությանը: Զենքը ձեռքներին հեռանում էին լեռներն ու անտառները, անհատապես կամ փոքրիկ խմբերով իրականացնում պատժիչ գործողություններ ատելի թուրք և քուրդ պաշտոնյաների, ինչպես նաև դավաճան հայերի նկատմամբ: Այս շարժման հանդես գալն Արևմտյան Հայաստանում հայ ժողովրդի քաղաքական և տնտեսական ծանր վիճակի հետևանք էր, այսինքն՝ ուներ իրական պատճառներ:

1904-ի Սասունի Ապստամբությունից հետո հայդուկային շարժումը վայրէջք է ապրել և դատապարտվել անհաջողության: Գործողությունների միասնական ծրագրի բացակայությունը, ուժերը միավորելու ապարդյուն փորձերը, ինչպես նաև թշնամու ուժերի գերակշռությունը հիմնական պատճառներն էին, որոնք կանխորոշեցին հայդուկային շարժման ելքը: Դրա հետ մեկտեղ ֆիդայիների քաջությունը, անձնազոհությունը, ամենաաննպաստ պայմաններում պայքարի նրանց պատրաստակամաթյունը մեծ դեր խաղացին հայ ժողովրդին ազատագրական պայքարի պատրաստելու համար: Հայ հայդուկային շարժումը հայ ժողովրդի ազգազատագրական  պայքարի վառ էջերից է:

2. Ֆիդայական շարժման հայտնի դեմքերից է Հրայրը (Արմենակ Ղազարյան), որին թշնամին Դժոխք մականունն էր տվել: Նա ծնվել է 1864թ. Սասունի Ահարոնք գյուղում, սովորել է Մշո Ս. Կարապետ վանքի դպրոցում, զբաղվել ուսուցչությամբ:

Հրայրի կարծիքով կուսակցությունները միայն միջոց են ժողովրդի ազատագրական պայքարը կազմակերպելու համար: Նա հույսեր չէր կապում եվրոպական երկրների մասին խոստումների հետ: Հաղթանակի հասնելու միակ ուղին համարում էր ժողովրդին համընդհանուր ապստամբության նախապատրաստելը: Հրայրը զգալի աշխատանք է տարել հայ-քրդական դաշինք ստեղծելու ուղղությամբ: Նրա համոզմամբ՝ օսմանյան բռնատիրությունից ազատագրումը հնարավոր էր միայն կայսրության բոլոր ժողովուրդների համատեղ պայքարի շնորհիվ: Հրայր Դժոխքը կազմակերպել է մի շարք համայնական աշխատանքներ, որպեսզի ժողովրդին ցույց տա դրա կարևորությունը և զինի միասնության և կազմակերպվածության ոգով։ Մասնավորապես, Ախլաթի շրջանի Ջրհոր գյուղի աղբյուրների կառուցումը։ Գյուղի ջրի խնդիրը լուծելու նպատակով Հրայրն առաջարկել է գյուղացիներին գյուղից հեռու գտնվող ջրի հունը թեքել և գյուղ հասցնել։ Ջուրը գյուղ հասցնելուց հետո Հրայրը կազմակերպել է նաև աղբյուրների կառուցումը, որոնք ջրհորցիները նրա անունով կոչել են «Արմենակի աղբյուրներ»։ Հրայր Դժոխքը 1890թ. մասնակցել է հայ ազատագրական շարժումներին։ 1891-1894թթ. Սասունի ինքնապաշտպանական մարտերի ղեկավարներից է եղել։ Մասնավորապես, Գևորգ Չաուշը կռվել է նրա ցուցումներով։ Աչքի է ընկել Տալվորիկի կռվում (1893թ.), որտեղ ապահովել է հայերի փայլուն հաղթանակը։ 1893թ. Հնչակյան կուսակցության անդամ է եղել։ Նրա գործընկերներն էին հանրահայտ հնչակյաններ Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաճյան) և Միհրան Տամատյանը։ Հրայրը հնչակյան կուսակցության հիմնադիրն էր Սասունում և Տարոնում։ Սասունում Հրայրը գործակցել է Թաթուլի (Արամ Արամյան) հետ։ 1896թ. հուլիսի 2-ին Բասենի Իշխու գյուղում մատնությամբ ձերբակալվել է, տարվել Կարինի բանտ։ Ձերբակալել էին նաև Թաթուլին։ Հրայրն ընդհանուր ներման շնորհիվ ազատվել է, իսկ Թաթուլը՝ 1899թ. կախաղան է բարձրացվել: Հրայր Դժոխքը 1904թ. մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին: 1904թ. ապրիլի 13-ին, երբ թուրքերի գերակշիռ ուժերը հարձակվել են Գելիեգուզանի ուղղությամբ՝ փորձելով փակել իշխանաձորցիների նահանջի ճանապարհը, Հրայրն ընկերներով փորձել է փակել թուրքերի ճանապարհը։ 1904թ. Սեմալի անկումից և ապրիլի 13-ին Հրայրի մահից հետո՝ ապրիլի 16-ին մարտերը շարունակվել են Իշխանաձորում և մինչև երեկո հաջողվել է կասեցնել թշնամու առաջխաղացումը։

3. Կարծում եմ, որ Թուրքիան ներկայումս կրկին ցանկանում է իրականացնել իր չավարտված ոճրագործությունը: Թուրքիան պահանջում է, որ Հայաստանը դադարի պաշտպանել Արցախի Հանրապետության իրավունքները, հրաժարվի Ցեղասպանության ճանաչման և դատապարտման քաղաքականություն վարելուց, պաշտոնապես հայտարարի, որ ճանաչում է Կարսի պայմանագիրը։ Այսինքն՝ երեք պահանջ, որոնք տասնյակ տարիներ առաջադրված են եղել Թուրքիայի կողմից, մինչև հիմա մնում են ուժի մեջ: Այսպիսով՝ կարող ենք եզրակացնել, որ Թուրքիան մինչև օրս էլ վարում է նույն քաղաքականությունը, ցանկանում է իրականացնել պանթյուքիզմի գաղափարը և իր իշխանությունը հաստատել տարածաշրջանում: 

Оставьте комментарий